Wednesday, February 27, 2013
սևն ու սպիտակը
Գիտեմ շատ սխալներ եմ կյանքիս ընթացքում գործել, ու այժմ երևի պատասխան տալու ժամանակն է եկել: Բոլորը միշտ ունեն պատասխաններ, այն դեպքում, երբ նույնիսկ արդեն չկան հարցեր...
Կյանքի սևն ու սպիտակը այլևս չեն հաջորդում միմյանց, այլ մոխրագույն դարձած` պղտորում են կյանքս: Աչքերս այնքան եմ փակել այս անվերջանալի հաջորդականութունների առջև, որ ակամայից ինձ խոր քուն մտած մի արջ եմ զգում, որը սպասում է անհամբեր գարնան գալուն. երանի թե վերջապես գա այդ սպասված գարունը... Արդեն այնքան ժամանակ այդ գարնան շունչը չեմ զգացել, որ կարծես թե մոռացել եմ նրա պարգևած բերկրանքը ու ջերմությունը, որը, վստահորեն կարող եմ ասել, յուրաքանչյուր բանական էակի անհագուրդ ցանկություններից է:
Երբ աչքերս փակում եմ, տենչում եմ գեթ մի պահ ճախրել, ինչպես մի արծիվ, որը սևեռուն հայացքով փնտրում է իր հաջորդ զոհին: Այո', ես էլ եմ ուզում գոնե մեկ անգամ հասկանամ այդ վերևից բոլորին նայելու և իշխելու ճղճիմ երջանկությունը: ՈՒզում եմ, բայց միևնույն ժամանակ հասկանում, որ դա իմ ուզած գարնանային բերկրանքի հետ ոչ մի առնչություն չունի և չի էլ կարող երբևէ ունենալ: Արտաքուստ այդ շինծու և երեսպաշտ արծիվների դիմակներն են ագնամ դարձել շատ պարզ ու թափանցիկ շատերիս համար: Հենց այս պատճառով էլ հանդիմանությունը ալեկոծված հոգիս հանգիստ չի թողնում և չեմ կարողանում հասկանակ ինչու է հենց ԻՆՁ մոխրագույն կյանքը բաժին ընկնում:
Ներսումս կուտակված են բազմաթիվ լուծումներ, որոնց փորձում եմ համապատասխանեցնել ճիշտ խնդիրներ: Կսկիծների մի մեծ կծիկ անվերջ ինձ հետապնդում է և կանգնեցնում է երկընտրանքի առջև` սրտով առաջնորդվել, թե`բանականությամբ...
Ես հավատում եմ, որ մի օր մարդկանց բանականությունը կդառնա նրանց հոգու արտացոլանքը և ի վերջո բոլորը կգիտակցեն, որ մարդկանց թերիությունը դա մի աքսիոմ է, իսկ նրանց ներկայությունը հուշերի մի պանթեոն է:
Ժասմենա Ասոյան
Subscribe to:
Comments (Atom)